Մասիս քաղաքը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝
Հրազդան գետի ստորին հոսանքի ձախ ափին: Հյուսիսից սահմանակից է Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից՝ Սայաթ-Նովա, հարավից՝Նորամարգ, արևելքից՝Մարմարաշեն, ՆորԿյուրին համայնքներին: Մարզկենտրոն Արտաշատից գտնվում է 20 կմ դեպի արևմուտք, իսկ քաղաքամայր Երևանից 17 կմ դեպի հարավ: Մասիս քաղաքը զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք:
Մասիս քաղաքի՝ որպես առանձին բնակավայրի մասին առաջին հիշատակությունը կապվում է երկաթուղային կիսակայարան Ուլուխանլուի հետ, որը դարասկզբին բնակեցված է եղել մասամբ հայ և ռուս երկաթուղայինների ընտանիքներով, իսկ մեծամասամբ թուրքական կիսաքոչվոր բնակիչներով: Գյուղի, ապա ավանի կարգավիճակ ունեցող բնակավայրը՝ որպես ինքնուրույն վարչական միավորի շրջկենտրոն, առաջին անգամ հանդես է եկել 1937 թվականի դեկտեմբերի մեկին: Նոր կազմավորված շրջանը, որի բնակչության գերակշիռ մասը կազմել են վերջին հարյուրամյակում ներթափանցած թուրքերը, կոչվել է Զանգիբասարի շրջան: Այն լուծարվել է 1953 թ-ի մարտին, որից հետո բնակավայրը՝ Հրազդան անունով, մաս է կազմել Երևանի Շահումյան շրջանի: 1969 թվականի հունվարի 14-ին Արտաշատի, Էջմիածնի և Երևան քաղաքի Լենինյան ու Շահումյան շրջանների տարածքներից կազմավորվել է նոր՝ Մասիսի շրջան: Նորաստեղծ շրջանի կենտրոն է դարձել վերանվանված Հրազդան ավանը՝ կրելով Մասիս անունը: 1996 թվականի ապրիլին` 27 տարվա վաղեմություն ունեցող Մասիսի շրջանը Արարատի և Արտաշատի շրջանների հետ մտավ նոր, ավելի խոշոր վարչատարածքային միավորի մեջ՝ կազմելով Արարատի մարզը:
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով 07.11.1995 թվականին Մասիս ավանը ստացել է քաղաքի կարգավիճակ:
Facebook
Location on Google Maps
YouTube
masiscity.am